fb-news.online page title

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ուղերձ է հղել Անկախության օրվա առթիվ։ Ուղերձում ասված է․

«Անկախություն կերտած սերունդը, որ երեսուն տարի առաջ հիմք դրեց Հայաստանի երրորդ հանրապետությանը, և որի ներկայացուցիչը լինելու պատիվն ունեմ նաև ես, քաջ գիտակցում էր իր պատասխանատվությունը հայ ժողովրդի ճակատագրի և հետագա սերունդների առջև:

Այս սերունդը ազգային արժեքներ կրող, հզոր ոգի և երազանք ունեցող սերուցքն է, որ ամեն ինչ արեց ինքնիշխան, ազատ, անկախ Հայոց պետությունը կայացնելու և պաշտպանելու համար:

Անկախության սերնդի ներկայացուցիչների մի մասը հանուն հայրենիքի նահատակվեց, մի մասն ավարտեց երկրային կյանքը` պետականաշիության ճանապարհին իր մեծ ներդրումն ունենալով, իսկ ողջ մնացած և այդ գաղափարը սրբորեն կրող մի մասն էլ այսօր հալածվում ու հետապնդվում է գործող ապազգային իշխանությունների կողմից:

Հայ ժողովրդի ճակատագրի հանդեպ անտարբեր և անպատասխանատու ներկայիս վարչախումբն ու նրանց համակիրները կարճ ժամանակում մսխեցին այն ձեռքբերումները, որոնք անցած տասնամյակներին անասելի դժվարությունների ու մաքառման ճանապարհով էին ստեղծվել:

Նրանք լրջագույն հարվածի տակ դրեցին Հայաստանի Հանրապետությունն ու հայ ժողովրդի ծանր պայքարի արդյունքում ստեղծված Արցախի Հանրապետությունը, զազրելի արշավ սկսեցին ազգային պետության և հայոց ինքնության պահպանման համար կարևոր բաղադրիչների` լեզվի, եկեղեցու, հայոց պատմության, հայ ընտանիքի դեմ, թշնամուն հոժարակամ ներս թողեցին անկախ պետության սահմաններից ներս` Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին ամեն օր ենթարկելով ստորացումների ու նվաստացումների՝ թշնամու և հենց իրենց` գործող վարչախմբի կողմից:

Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունն ու պետության անվտանգությունը խարխլված են, և պետության գոյությունը` դրված հարվածի տակ, հազարավոր երիտասարդ կյանքեր զոհաբերված կամ հաշմված` 44-օրյա պատերազմի ապաշնորհ կառավարման և թշնամու հետ կասկածելի «փոխըմբռնման» ու համաձայնությունների արդյունքում:

Եվ այս ամենի ֆոնին գործող վարչախումբը ցինիկ ինքնագոհությամբ «գունագեղ» տոնախմբություն է անցկացնում:

Իրենց կյանքը հայրենիքի համար չխնայած հազարավոր երիտասարդներին ևս ես անկախության սերունդ եմ համարում:

Փա՛ռք անկախության համար նահատակված բոլոր հայորդիներին:

Ազգային արժեքներին հավատարիմ և ազատությունն ու անկախությունը ամեն ինչից վեր դասող հայ ժողովրդի սերուցքը չպետք է հանդուրժի արտաքին ու ներքին թշնամու այս ոտնձգությունները, անկախության սերունդը չի՛ կարող և չպե՛տք է պարտվի ստրկամիտներին:

Հանուն սեփական պետության պայքարը նույնն է, ինչ կյանքի համար պայքարը, որի համար մարդը չի խնայում ոչինչ:

Բախտախնդիր ապազգային և անբարո իշխանությունները լրջագույն խոչընդոտ են Հայոց պետականության պահպանման ու հզորացման ճանապարհին:

Առջևում ծանր, բայց և պատվաբեր պայքար է սպասվում՝ հանուն ազգային արժանապատվության, հանուն սեփական հողում անվտանգ, ազատ, ինքնիշխան և արժանապատիվ ապրելու:

Անկախության տոնը դեռ տոնելու ենք»:

от editor

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *